Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

«Հայ եկեղեցին երբևէ չի առանձնացրել զինվորին, ռամիկին կամ պաշտոնյային»

«Հայ եկեղեցին երբևէ չի առանձնացրել  զինվորին, ռամիկին կամ պաշտոնյային»
29.04.2016 | 09:36

Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում ապրիլի 26-ին մեկնարկեց հոգևոր երաժշտության անդրանիկ փառատոնը: Եկեղեցու բակում Էստոնիայի ազգային արական երգչախմբի կատարմամբ հնչեցին էստոնական և հայ հոգևոր երգեր, այդ թվում` Կոմիտաս, Եկմալյան: «Գրեմմիի» և միջազգային մի շարք այլ հեղինակավոր մրցանակների արժանացած այս երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Միկ ՈՒլեոյա) իր համերգային ծրագրերում մշտապես ընդգրկում է հայ հոգևոր երաժշտության լավագույն նմուշները: Երգչախումբը «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում ելույթ է ունեցել Վանաձորում, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, «Արամ Խաչատրյան» համերգասրահում:


Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ տեր ՄԱՄԲՐԵ քահանա ՊԱՏՈՒՐՅԱՆԸ նշեց, որ փառատոնը նպատակ ունի աշխարհին ցույց տալու հայ մշակույթը: Շնորհակալություն հայտնեց «Երևանյան հեռանկարներ» փառատոնի նախագահ, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանին այս մեծ նախաձեռնությունը սկսելու և Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցուց մեկնարկը տալու համար, հույս հայտնեց, որ փառատոնը շարունակական կլինի, իսկ Բյուրականը կդառնա արվեստների հոգևոր կենտրոն:


ՍՏԵՓԱՆ ՌՈՍՏՈՄՅԱՆՆ իր հերթին նշեց, որ մեր երկրի համար բարդ այս ժամանակներում կարևոր է կիրթ, ինտելեկտուալ հասարակություն ունենալը. «Մենք այդպիսին էլ կանք: Եվ պետք է ոչ միայն պատերազմում հերոսներ ունենանք, այլև կյանքում, ու հզորացնենք մեր երկիրը: Հայաստանը բոլոր ժամանակաշրջաններում բոլոր քարտեզների վրա եղել է ու լինելու է: Մենք առաջին քրիստոնյա ազգն ենք, Քրիստոսի խաչը միշտ սիրով ենք տարել ու հիմա էլ պիտի Քրիստոսով հաղթենք»:


Ինչ վերաբերում է հոգևոր փառատոնին` երաժիշտը նշեց, որ Հայաստանն ունի փառահեղ մշակույթ, շարականներ` սկսած 5-րդ դարից, սակայն այդ մշակույթը քիչ է հայտնի աշխարհում: Նրա խոսքով` այսուհետ ամեն տարի ապրիլին շուրջ մեկ շաբաթ Հայաստանի և աշխարհի տարբեր երկրների եկեղեցիներում կհնչի հայ հոգևոր երաժշտություն` ի հիշատակ ցեղասպանության զոհերի:


Բյուրականյան բացօթյա համերգով սկիզբ դրվեց առաջին քրիստոնյա երկրի հոգևոր երաժշտական փառատոնին: Օրն իրենց հոգևոր երգերով, շարականներով զարդարեցին նաև Երևանի Սուրբ Զորավար եկեղեցու մանկական երգչախմբի սաները:
Բացօթյա հոգևոր համերգից հետո «Իրատեսը» զրուցեց տեր Մամբրե քահանա Պատուրյանի հետ:


Բյուրականի հնամենի կիսավեր եկեղեցին վերաբացվել ու վերաօծվել է 2000-ին: Տեր Մամբրե քահանա Պատուրյանն ասաց, որ այստեղ ամեն օր ժամերգություններ, պատարագներ, եկեղեցական բազմատեսակ արարողություններ են տեղի ունենում: Սկսած մանկապարտեզից` վերջացրած համայնքապետարանով, յուրաքանչյուր կառույցի հետ առանձին աշխատանք է տարվում:


«Եկեղեցին, հոգևոր կենտրոն լինելուց զատ, նաև պատմական հուշարձան է, բնակիչների, այցելուների վերաբերմունքն ինչպիսի՞ն է: Զերծ մնո՞ւմ են եկեղեցու պատերին, խաչքարերին մոմեր կպցնելու, վառելու, ծառերի ճյուղերին լաթի կտորներ կապելու և այլ սովորություններից»,- հետաքրքրվեցի:


«Մեր քարոզչությամբ, ճիշտ ուղղորդելով, այսօր այլևս այդ խնդիրը չունենք, դեռ ավելին, երիտասարդները` դպրոցահասակ երեխաները, ուսանողները, հաճախակի մասնակցում են եկեղեցու մաքրման աշխատանքներին, օգնում են հոգևոր հովվին, աշխատակիցներին, որ գեղեցիկ ու մաքուր պահեն իրենց եկեղեցին,- ասաց տեր Մամբրեն:- Ինչ վերաբերում է հագուստ, լաթի կտորներ կապելու սովորությանը, մեր տարածքում նման բան չկա ու ի սկզբանե չի եղել: Մենք թույլ չենք տա, բացի այդ, ժողովրդի մեջ հոգևոր գիտակցությունն այնքան բարձր է, որ գիտեն` մի զգեստ կամ որևէ իր թողնելով չեն իրենց ուխտը կապելու Աստծո հետ, այլ միայն աղոթքով և իրենց սրտում ու մտքում Աստծուն ունենալով»:


Այս օրերին մեր հոգևորականները նաև առաջնագծում են, նրանցից ոմանք անգամ զենք են վերցրել: Եկեղեցու դերը դժվարին այս իրավիճակներում երիցս կարևորվում է: Անդրադառնալով մեր այս դիտարկմանը` Բյուրականի եկեղեցու հոգևոր հովիվն ասաց, որ ի սկզբանե հայ եկեղեցին միշտ եղել է իր ժողովրդի կողքին, երբևէ չի առանձնացրել զինվորին, ռամիկին կամ պաշտոնյային. «Մենք մեր ժողովրդի կողքին ենք, ժողովրդի մի մասն էլ հայոց բանակում ծառայող, հայոց սահմանները պահող հայ զինվորն է, և փառք Տիրոջը, որ այսօր մենք զինվորական հաստատություններում ունենք հոգևոր ծառայություն մատուցող հոգևորականներ` սարկավագներ, քահանաներ, վարդապետներ: Նրանք կարող են ցանկացած պահի հանուն հավատի, հանուն հայրենյաց նաև սուր վերցնել հակառակորդի դեմ»:
Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցի այցելում են հիմնականում Երևանի ու հարակից մարզերի բնակիչները: Հոգևոր հովիվը չի բացառում նաև այլազգի զբոսաշրջիկների հոսքը, նկատելով, որ Բյուրականը նաև զբոսաշրջային գոտի է:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2713

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ